Արցախցին երկու քարի արանքում է մնացել՝ Հայաստանի և Ադրբեջանի, երկու կողմից բացասական ինֆորմացիա է ստանում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Արցախի թեմի առաջնորդը պատմեց, որ Արցախում հայտարարվել է միասնական աղոթքի շաբաթ։ Ամեն օր ժամը՝ 19։00-ին արցախցիները բոլոր եկեղեցիներում միասնական աղոթք են կատարում՝ հորդորելով հանդուրժողականություն, սերն առ հայրենիք. «Ի սկզբանե էլ մենք պատերազմից հետո կարգախոս ենք ունեցել, որ հույսը երբեք չի ամաչեցնում մարդուն. այն հույսը, որ առ Աստված է եւ մեր քահանաների միջոցով մենք մեր ժողովրդին փորձում ենք հասկանալի դարձնել, որ ուրիշ տեղ փնտրել երջանիկ կյանք ու փայլուն ապագա, մոռացեք, մեր հողում ապրելն է երջանկությունը։ Փորձում ենք մեր ժողովրդին հասկանալի դարձնել՝ իրականն այն է, որ դու պայքարե,ս քեզ հետ ունենալով առ Աստված աղոթքը, հենվելով սեփական ուժերի վրա»։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում Արցախի մասին հայտարարություններին՝ Արցախի թեմի առաջնորդն ասաց.
«Անպայման չէր, որ ինքը խոսքեր ասեր կամ ելույթ ունենար բարձր ամբիոնից, առանց խոսելու էլ մենք գիտեինք իր դիրքորոշումը, արդեն պարզ էր սա։ Ժողովուրդը դա գիտի, Արցախի իշխանությունները դա գիտեն, ցավոք սրտի։ Արցախը մնացել է երկու քարի արանքում, Ադրբեջանի եւ Հայաստանի. երկու կողմից էլ մենք բացասական ինֆորմացիա ստանում ենք։ Մենք հիմա փնտրտուքների մեջ ենք, թե ո՞ր ուղղությամբ եւ ի՞նչ նպատակի համար մեր քայլերն ուղղենք։ Կարծում եմ՝ արցախցու եւ այստեղ ապրողներիս համար միանշանակ պիտի լինի՝ շարունակել ապրել հեճուկս մեր հակառակ թշնամու»։ Արցախի թեմի առաջնորդն անհնար համարեց Ադրբեջանի կազմում Արցախի ապագան։