Հայաստանի քննչական կոմիտեում քննվող քննչական գործերի նախաքննության շրջանակներում հայտնաբերվել են թմրաշրջանառությամբ զբաղվող վեց կազմակերպված խմբեր, որոնց կողմից կառավարվել են 30-ից ավելի «Տելեգրամ»-ի ալիքներ, ինչպես նաև HYDRA հարթակի հինգ ալիքներ:
Այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Համբարյանը, գրում է 168.am-ը։
Նրա խոսքով՝ խուզարկությունների արդյունքում հայտնաբերված թմրամիջոցների ընդհանուր շուկայական արժեքը՝ ըստ իրենց կայքերում վաճառքի գների, գերազանցել է 250 միլիոն դրամը, իսկ թմրամիջոցների վաճառքի արդյունքում արդեն իսկ հայտնաբերված դրամապանակներով կատարված գումարային շրջանառությունը գերազանցում է 700 միլիոն ՀՀ դրամը: «Բացի այդ կատարված խուզարկություններով Երևանում հայտնաբերվել են երեք բնակարաններ, որոնցում հատուկ սենյակներ հարմարեցված են եղել թմրամիջոցների աճեցման համար: Հայտնաբերվել է նաև մեկ բնակարան, որը նախատեսված է եղել «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի պատրաստման համար»,-ասաց նա: