Արցախի օկուպացված Շուշի քաղաքում, ապրիլի 22-ին մեկնարկել է Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը, որի ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին, գրում է minval.az-ը:
Նրա խոսքով, խաղաղության պայմանագրով Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող են կապեր հաստատել, այդ թվում՝ դիվանագիտական։
«Այս առաջարկն առաջ քաշելով՝ մենք ևս մեկ անգամ ցուցաբերում ենք բարեհաճություն և, կրկնում եմ, հեռատեսություն։ Հայաստանում գլուխ բարձրացնող «ռևանշիստական» ուժերը պետք է իմանան, որ սա Հայաստանի միակ ելքն է և գուցե վերջին հնարավորությունը։ Եթե հրաժարվեն, ուրեմն մենք չենք ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և պաշտոնապես կհայտարարենք այդ մասին։ Հաշվի առնելով ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները՝ հայկական կողմը պետք է լավ հասկանա, թե ինչի կհանգեցնի այդ քայլը»,- ասել է Ալիևը։