Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 25-ին տեղի է ունեցել կառավարության ընդլայնված նիստ: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Երկրի ղեկավարը ներկայացրել է Հանրապետությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը և Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ Բրյուսելում և Մոսկվայում կայացած հանդիպումների համատեքստում։ Նախագահը շեշտել է, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում, և ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ:
Անդրադառնալով հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ հետպատերազմյան շրջանում էլ ավելի է մեծացել ԱՀ և ՀՀ պետական կառավարման համակարգերի միջև սերտ կապեր ունենալու և ՀՀ գործընկեր գերատեսչությունների հետ փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում երկրի ղեկավարը հանձնարարել է կառավարության անդամներին ցուցաբերել նախաձեռնողականություն՝ ընդգծելով, որ պետական մակարդակով առաջիկայում քայլեր կձեռնարկվեն այդ կապերն ավելի ամրապնդելու ուղղությամբ:
Հանրապետության նախագահն անդրադարձ է կատարել նաև երկրի կենսագործունեության և սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին՝ նշելով, որ բնակարանաշինական աշխատանքները շարունակվելու են ողջ ծավալով, սակայն առաջնահերթություններից ելնելով՝ վերանայվելու են կապիտալ ներդրումների մի շարք ծրագրեր:
Խոսելով պետական կառավարման համակարգի աշխատանքի մասին՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ շարունակական ջանքեր պետք է գործադրվեն պետական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ պահանջելով տեսչական ու վերահսկողական գործառույթներ իրականացնող պետական մարմիններից ավելի մեծ ուշադրություն դարձնել գնումների իրականացման գործընթացների և ֆինանսների արդյունավետ ծախսման վրա: Նախագահը հանձնարարել է անզիջում և հետևողական պայքար տանել կոռուպցիոն երևույթների դեմ և բացառել բոլոր հնարավոր չարաշահումները: Երկրի ղեկավարը զգուշացրել է կառավարության անդամներին, որ պետական պաշտոնյայի ցանկացած չարաշահման դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ են կիրառվելու:
Նիստի ընթացքում շահագրգիռ կառույցների պատասխանատուներին քննարկված հարցերի վերաբերյալ Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։