Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:
Նրա խոսքով, վերջին ամիսներին Իրանն ու Ադրբեջանը բազմաթիվ համատեղ նախագծերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերել:
«Վերջին 10 ամիսների ընթացքում երկու երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել բազմաթիվ համատեղ նախագծերի վերաբերյալ։ Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք ականատես կլինենք դրանց իրականացմանը»,- ընդգծեց նա։
Նա նաև նշել է, որ սպասվում են երկու երկրների պաշտոնյաների փոխադարձ հանդիպումներ, և արդեն համապատասխան հրավերներ են ուղարկվել։
«Օրակարգում են թե՛ նախարարների, թե՛ այլ պաշտոնյաների փոխայցելությունները։ Հուսով ենք, որ այս այցերը կարագացնեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։