Նա ուներ աշխարհի ամենագեղեցիկ ժպիտը։ 8 ամիս 2 օր ես մոլորակի ամենաերջանիկ մարդն էի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախօրեին վարչապետի ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկված 29-ամյա Սոնա Մնացականյանի ամուսին Աշոտ Վարդանյանը։
«Նրա ժպիտը կարող էր ազգեր միավորել, իսկ նրա գիրկը արևից ավելի ջերմ էր: Երեկ նրան մեքենա հարվածեց, եւ նա մահացավ մեր ապագա դստեր հետ:
Եթե միայն ավելի շատ ժամանակ ունենայինք։
Մենք ծանոթացանք 2021 թվականի օգոստոսի 24-ին։
Տարօրինակ միջոցառման ժամանակ, 60 րոպեանոց քննարկման պես մի բան էր:
Դրանցից 59-ը ես անցկացրեցի հետեւի շարքի աղջկան նայելով։ Մենք նորից հանդիպեցինք, ես պնդեցի։ Նրա յուրաքանչյուր առաջարկի հետ ես ավելի ու ավելի ուժեղ էի սիրահարվում։ Նա կանխատեսող էր, կառուցում էր ապագայի իր երազանքները: Ուժեղ փոքրիկ աղջիկ, որը հիմնել է ֆանտաստիկ տեխնոլոգիական ընկերություն: Նա կազմակերպում էր միջազգային համագործակցություն եւ երբեք վարկ չէր խնդրում։ Նա միշտ ժամանակ էր գտնում իր քնի ու բարեկեցության գնով հետպատերազմյան շրջաններում դպրոցներ կառուցելու համար։ Նա այնքան բարձր էր դնում նշաձողը, որ ոչինչ եւ ոչ ոք չէր համապատասխանում նրա չափանիշներին: Այդպիսին էր նրան տեսնում աշխարհը, բայց ինձ համար նա իմ քնքուշ փոքրիկ դդմիկն էր։ Ամենամեղմ մարդը, որին երբեւէ ճանաչել եմ:
Ես 26 տարեկան էի, իսկ նա՝ 28: Մենք ապրում էինք ցավի ու միայնության մեջ, քանի դեռ չէինք գտել միմյանց: Դա երկնքում կնքված միություն էր: Առաջին աղջիկը, ում ես երբեւէ համբուրել եմ: Մենք ոչ մի վեճ չենք ունեցել։ Տարբեր երկրների քաղաքացիներ՝ կյանքի բոլորովին տարբեր ուղիներով, մենք շատ նման ենք։ Դա բացարձակ ներդաշնակություն էր եւ իսկական երջանկություն։ Նա ամբողջովին փոխեց ինձ:
Սոնա։ Իմ Սոնա»։
Նշենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել 29-ամյա հղի կնոջն, ով գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացել էր։ Ավտոշարասյան և ոչ մի մեքենա չէր կանգնել վրաերթից հետո, այդ թվում վարորդը։