Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազատագրական շարժման անդամները Նիկոլ Փաշինյանի դիմակով և գլխարկով բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության դիմաց, որից հետո նախատեսված էր բողոքի հանձնում Դատախազությանը։
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությանը բողոք էր ներկայացվելու Նիկոլ Փաշինյանին 44-օրյա պատերազմի հիմքով հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին Շարժման պահանջի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի դրսևորած գործողության դեմ։
Ավելի վաղ քննիչը գրությամբ հայտնել էր, որ պահանջի լուծումը հետաձգվել է, բացի այդ հրաժարվել է տրամադրել նաև տեղեկություն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը նշված քրեական գործով հարցաքննվել է, թե՝ ոչ:
Ոստիկանության կարմիր բերետավորները առանց որևէ հիմնավորման Շարժման անդամների մեծամասնությանը բերման ենթարկեց՝ անկախ այն հանգամանքից մարդիկ օրենքի խախտում կատարել են թե ոչ։
Սա կարող է վկայել այն մասին, որ Ոստիկանությունը, նախապես տեղեկանալով Շարժման կողմից պլանավորած երկրորդ գործողության մասին, բերման ենթարկելով փորձեց խափանել այն կամ հետաձգել։
Իսկ Գլխավոր դատախազությունն ու հակակոռուպցիոն կոմիտեն արդեն իսկ կաշկանդվածություն են ցուցաբերում այս գործով Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու հարցում։