«Ազատագրական շարժման» անդամները քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազին են ներկայացրել բողոք` Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին իրենց պահանջի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի դրսևորած գործողության դեմ։ Նշենք, որ քրեական գործը հարուցվել է 430 փաստաբանի ջանքերով՝ 44-օրյա պատերազմի դեպքերով։
Շարժման համահիմնադիր Արա Զոհրաբյանը նշեց, որ իրենք գրություններ են ուղարկել գործով քննիչին, ով որևէ պատասխան չի ներկայացրել, թե արդյոք քրեական գործով կա՞ն ներգրավված մեղադրյալներ, Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ, արդյոք 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները ներգրավել են որպես տուժողներ և իրավահաջորդներ, թե՞ ոչ։ Գործով քննիչը տեղեկացրել է, որ հիշյալ քրեական գործը միացվել է մեկ այլ քրեական գործի հետ, իսկ մյուս հարցերը համարվում են նախաքննական գաղտնիք։
Քննիչի հենց այս գործելաոճի դեմ էլ Շարժման անդամները բողոք են ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Նրանք ավելի վաղ Դատախազությանը ներկայացրել էին նոր փաստեր, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանին ներգրավել որպես մեղադրյալ։