Հանուն մեր հերոս պապերի, հայրերի ու որդիների սուրբ հիշատակի և հանուն գալիք սերունդների՝ Արցախը պետք է լինի միշտ հայկական ու անառիկ։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի առիթով շնորհավորական իր ուղերձում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի կերտման գործում իր նշանակալի ավանդն է ունեցել նաև Արցախը, որի բնակչության յուրաքանչյուր երրորդը մեկնել է ռազմաճակատ՝ տալով ԽՍՀՄ բազմաթիվ հերոսներ, հրամանատարներ, մի քանի մարշալ ու ծովակալ։
«Նրանց հերոսական ավանդույթները շարունակել են հետագա սերունդները՝ 30 տարի առաջ կամավորական խմբերից կազմավորելով կանոնավոր բանակ, հաջողությամբ իրականացնելով Շուշիի ռազմագործողությունը և ազատագրելով հայոց հինավուրց բերդաքաղաքը։ Սակայն այսօր Շուշին կրկին գերության մեջ է, ինչպես մեր հարյուրավոր սրբավայրերն ու բնակավայրերը, որոնք ոչնչացվում են և ենթարկվում վանդալիզմի Ադրբեջանի կողմից»,–ասված է Հարությունյանի ուղերձում։
Նրա խոսքով` Ադրբեջանի նպատակն է իսպառ վերացնել հայկական հետքն ու հայությանը՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները։
Արցախի նախագահը հիշեցրել է, որ այսօր Արցախի անվտանգությունը ՊԲ–ի հետ միասին ապահովում է ՌԴ խաղաղապահ զորակազմը:
«Մենք երախտապարտ ենք մեր բարեկամներին արցախցիների կողքին լինելու և ըստ ամենայնի աջակցելու համար»,-շեշտել է Հարությունյանը։