Գետի հոսանքը մի քանի կիլոմետր քշել-տարել է երեկ Դեբեդն ընկած հաղորդավարուհուն, որի կյանքը չէր հաջողվել փրկել: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտե մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Հայտնել էինք, որ «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանը ողբերգական պատահարի զոհ է դարձել։ Նա նավակով նկարահանումներ իրականացնելիս գետն է ընկել։
«Ռետինե նավակով են եղել, 7 անձ է եղել նավակում, որոնցից մեկն էլ ամուսինն է եղել։ Բոլորը հատուկ հանդերձանքով են եղել` սաղավարտով և փրկարարական բաճկոնով։ Նավակը շրջվել է, ամուսինը փորձել է օգնել կնոջը դուրս բերել նրան գետից, սակայն չեն կարողացել, քանի որ գետը քշել-տարել է աղջկանառանձնացնելով խմբից»,–ասաց Թադևոսյանը։
Նա հայտնեց նաև, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, և դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո հայտնի կլինի, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով քրգործ կհարուցվի։ Ամենայն հավանականությամբ, 157-րդ հոդվածով քրգործ կհարուցվի տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը։