ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է ՀԱՊԿ երկրների փոխգործակցության և ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման հետ կապված հարցերը: ՀՀ վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՀԱՊԿ կազմավորման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովը կազմակերպելու և ջերմ ընդունելության համար:
«Իհարկե, մեր հոբելյանական հանդիպումը շատ լավ առիթ է, որպեսզի որոշ եզրակացություններ անենք և քննարկենք մեր կազմակերպության հետագա զարգացման հեռանկարները: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձրացրել է շատ կարևոր հարցեր ՀԱՊԿ անդամ երկրների միջև փոխգործակցության վերաբերյալ: Բելառուսի նախագահը անդրադարձել է, կարելի է ասել, բավականին խնդրահարույց հարցերի: Ընդհանրապես, կարելի է ասել, որ ՀԱՊԿ պատմության մեջ շատ է դրականը, որովհետև ՀԱՊԿ-ն եղել է, կա ու կլինի կարևորագույն գործոնը տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում: Բայց, ինչպես տեսնում ենք, այսօրվա հոբելյանական գագաթնաժողովին քննարկում ենք ոչ միայն հոբելյանական հարցեր, որովհետև ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում իրավիճակը բավականին լարված է»,- նշել է վարչապետը:
Ինչ վերաբերվում է փոխգործակցության և արագ արձագանքման մեխանիզմներին, վարչապետը սա ևս շատ կարևոր հարց է համարում Հայաստանի համար:
«Ինչպես գիտեք, անցած տարի հենց այս օրերին Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որպեսզի գործադրվեն 2010 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատված Ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերով մեխանիզմները: Ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունը արձագանքել է այնպես, ինչպես սպասում էր Հայաստանի Հանրապետությունը: Դեռ երկար ժամանակ մենք բարձրացրել ենք ոչ բարեկամ երկրին ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից զենքի վաճառքի հարցը: Այդ զենքը օգտագործվել է Հայաստանի դեմ և հայ ժողովրդի դեմ: Դա նույնպես խնդիր է»,- նշել է վարչապետը: