ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ծանոթացել է Սյունիքի սահմանային իրավիճակին, հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։
Ճանապարհին նա հարգանքի տուրք է մատուցել 2020 թվականին Երասխում մարտական առաջադրանք կատարելիս կործանված Մի 24 ուղղաթիռի անձնակազմի հիշատակին։
Սերգեյ Կոպիրկինը հարգանքի տուրք է մատուցել 2020 թվականին Երասխում մարտական առաջադրանք կատարելիս կործանված Մի 24 ուղղաթիռի անձնակազմի հիշատակին։
Դիվանագիտական առաքելության ղեկավարն այցելել է նաև հայկական Տեղ և Պարույր Սևակ սահմանային անցակետեր, որտեղ հանդիպել է ռուս սահմանապահների հետ, ծանոթացել նրանց ամենօրյա և ուսումնամարտական գործունեության առանձնահատկություններին, ինչպես նաև կեցության և ծառայության անցկացման պայմաններին, որոնք սեղմ ժամկետում զգալիորեն բարելավվել են ռուսական կողմի ջանքերով։
Սյունիքի մարզում Կոպիրկինին դիմավորել են Կապանի համայնքապետ Գևորգ Պարսյանը և քաղաքապետարանի ներկայացուցիչները, որոնք քաղաքի բնակիչների անունից շնորհակալություն են հայտնել Ռուսաստանին՝ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գործում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար:
Դեսպանն այցելել է նաև Կապանի օդանավակայանի տարածքում գտնվող՝ ռուս սահմանապահների դիրքեր: Մեղրիի սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Բուրշտինը դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացրել է հայկական սահմանի տվյալ հատվածում ստեղծված օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները: