Իրավապաշտպան, ՄԻԵԴ–ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին և նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանում 39 հայ գերի կա։
«Եթե ՀՀ վարչապետը, հանդես գալով որպես Ադրբեջանի նախագահի խոսնակ, բարձրաձայնում է 39-ը որպես պաշտոնականացված թիվ և ջանք չի գործադրում հրապարակայնացնել նաև Հայաստանի պաշտոնականացված թվերը, ապա դա կարող է ընկալվել որպես կոնսենսուս գերիների իրական թվի առնչությամբ, և հետագա իրավական գործընթացներում Ադրբեջանը կարող է պաշտպանվել` ասելով, որ Հայաստանը նույնպես պաշտոնապես ընդունում է, որ 39 անձից ավել գերիներ չկան, ուստի քննարկումները կարող են բացառապես առնչվել 39 անձանց հայրենադարձմանը»,- նշել է իրավապաշտպանը։
Սահակյանի դիտարկմամբ` տրամադրված տեղեկությունները և բարձրաձայնված, պաշտոնականացված տվյալները չեն արտացոլում իրականությունը և հետագայում կարող են շահարկվել իրավական գործընթացներում։
«Մեր ստուգված տվյալներով, որոնց հետևում կան ապացույցներ, ևս 80 անձ եղել է գերեվարված, և նրանք պետք է ողջ հայրենադարձվեին։ Թե ամիսներ կամ տարիներ անց ինչ ճակատագրի են արժանացել, բնականաբար, կա անորոշություն, սակայն որևէ վիճելիության առարկա չէ ինքնին գերեվարման փաստը, ուստի 39 թիվը խիստ պակասեցված է, գերիների իրական թիվը 119-ն է։ Խոսքը 44–օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված անձանց մասին է», — ասել է Սահակյանը։