2022 թվականի մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Cape Canaveral Space Force Station կայանից SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով թողարկվել է Transporter-5 տիեզերանավը, որը Երկրի ուղեծիր է դուրս բերել 59 փոքր արբանյակ, այդ թվում նաև հայկական՝ Երկրագնդի դիտարկման արբանյակը, գրում է ArmDaily.am-ը։
Այս լուրը հայ հասարակությունը մեծ ոգևորությամբ ընդունեց, կառավարության նիստի ընթացքում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սրանով Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան։
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, սակայն, վերապահումով է մոտենում այս հարցին։
«Շատ դժվար է ասել, որ Հայաստանը արբանյակ ունի։ Դա Իլոն Մասկի ուղարկած SpaceX արբանյակներից է, և դա հենց իրենն է։ Մենք չգիտենք՝ հիմա դա ինչքանով է հայկական համարում, ինչ են պայմանավորվել իրենք։ Հայկական լինելու համար դա պետք է կառավարվի Հայաստանից, և միայն Հայաստանը ունենա հասանելիություն դեպի այդ արբանյակը։ Եթե մյուսներն էլ ունեն, ապա դա ավելի վատ է. կարող են գողանալ մեր տվյալները»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արեգ Միքայելյանը։
Կառավարության նիստի ընթացքում Փաշինյանը հայտնել է, որ մինչև 2023 թվականի վերջը Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան։ Արեգ Միքայելյանը նշում է՝ երբ այդ կենտրոնը գործի, այդ ժամանակ միայն կարող ենք ենթադրել, որ Հայաստանը կարող է իր ձեռքում պահել կառավարումը, տվյալների ստացումը և այլն։
«Պետք է ճշտումներ արվեն և հասկանանք՝ ինչքանով է դա մերը։ Ընդհանրապես՝ կարո՞ղ ենք այն համարել մերը։ Լիարժեք մերը դառնալու համար պետք է կառավարման լծակները մեր ձեռքում լինեն։ Կոնկրետ այս պահին պարզ է, որ դա Իլոն Մասկի արբանյակն է, բայց թե դա ինչքանով կարող ենք հայկական համարել՝ ավելի շատ գաղափարական հարց է»,- ասաց Միքայելյանը։
Միևնույն ժամանակ աստղադիտարանի տնօրենը շեշտում է արբանյակի ձեռքբերման կարևորությունը։
«Հատկապես վերջին պատերազմի ընթացքում արբանյակի արդիականությունը զգացվեց։ պատերազմից առաջ էլ էր պարզ, որ պետք է արբանյակ ունենանք։ Շատ հրատապ մենք պետք է ունենանք նման հնարավորություն՝ առաջինը հենց ռազմական ոլորտում օգտագործելու համար, դա կլինի ռազմական հետախուզություն, քարտեզագրություն, ինչպես նաև օդերևութաբանությունը, տնտեսական մի շարք ոլորտներ կան, որ արբանյակներից են կառավարվում, գիտական հետազոտություններ։ Համարյա ամեն ինչը ներկա դարաշրջանում տիրեզերական հետազոտությունների շնորհիվ ավելի զարգացել և մեծ հնարավորություններ է ստացել»,- ասաց Միքայելյանը։