Գյումրիում մայիս 31-ին մեծ շուքով դիմավորեցին բռնցքամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, չեմպիոնին դիմավորելու էին եկել քաղաքային իշխանությունները` փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ, մարզաշխարհի ներկայացուցիչներն ու բռնցքամարտի երկրպագուները։
Չնայած ձեռքի վնասվածքին` գյումրեցի մարզիկին հաջողվեց կրկին հաղթանակ գրանցել: Լրագրողների հետ ճեպազրույցում մարզիկը նշեց, որ հաղթանակը միայն իրենը չէ, այլ բոլորինը՝ մարզիչներից մինչև երկրպագուներ, իսկ այս մրցաշարին իրեն նաև սեփական երկրի պատերն են օգնել:
«4-5 օր էր մնացել մրցումներին, երբ պարզ դարձավ, որ մասնակցելու եմ. վնասվածք ունեի ու մտածում էի, որ պետք է վիրահատվեմ։ Բայց պատահաբար իմացա, որ առաջնությանը կմասնակցի նաև թուրք մարզիկ, որը համարվում էր մրցաշարի ֆավորիտը։ Ու եթե ես չմասնակցեի, հավանականությունը մեծ էր, որ ինքը դառնար հաղթող, ու Թուրքիայի դրոշը կծածանվեր մեր երկրում»,-պատմում է չեմպիոնը` նշելով, որ առաջնությունից միայն մեկ օր առաջ է որոշվել, որ այդ թուրք մարզիկը չի մասնակցելու: Բաչկովն ասում է՝ նույնիսկ վերջին մենամարտը դժվարությամբ չի տրվել՝ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ինքը ցանկանում էր: Հիմա Հովհաննես Բաչկովը պետք է վիրահատի ձեռքը, իսկ վերականգնումից հետ պատրաստվի պրոֆեսիոնալ մենամարտի:
Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնությանը գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների եզրափակչում մենամարտել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Լյունի Համրուիի հետ և տպավորիչ հաղթանակ տարել՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոս: