Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին այսօր հարցրեցինք՝ վերջին անգամ դուք որքա՞ն պարգեւավճար եք ստացել, ե՞րբ եք ստացել ու ինչպե՞ս եք ծախսել: Նախարարը պատասխանեց. «Կարծում եմ, վաղուց բոլորը գիտեն՝ ով ինչքան է ստանում: Ծախսել եմ շատ հեշտ, քիչ է, արագ վերջանում է»: Հարցին՝ դուք թալանից եք խոսում, ասում եք՝ հենց թալանը բերեն, անվտանգության հարցերը կլուծենք, ձեզ էլ ասում են՝ դուք օրենքով եք թալանում ու պարգեւավճարների բյուջեն հենց օրենքով թալանի աղբյուրներից մեկն է, դուք ինչո՞ւ եք օգտվում այդ աղբյուրից՝ նախարարը պատասխանեց. «Ի՞նչ հարց եք տալիս, 274 մլրդ դրամ բյուջե են տվել ինձ, 274 դրամի ձեռք չենք տվել, չե՞ք ուզում աշխատավարձ ստանանք, ի՞նչ եք ուզում անենք:
Չե՞ք ուզում դրա 20%-ը վերցնենք, աշխատավարձ ստանանք, մենք էլ մարդ ենք, ընտանիք ունենք, երեխեք ունենք, ընկերներ ունենք, հատկապես՝ դասընկերներ: Դասընկերները Մարտունիում են, գնում եմ իրենց տեսնում եմ»: Հարցին՝ դուք 1.5 մլն աշխատավարձ եք ստանում, ասում եք՝ այնքան շուտ է վերջանում, բա 28 հազար դրամ թոշակը, որ տալիս եք քաղաքացիներին, կամ 68 հազար նվազագույն աշխատավարձը, չե՞ք մտածում այդ մարդիկ ոնց են ապրում՝ Սանոսյանը պատասխանեց. «Իհարկե, մտածում ենք: Բա մտածել ենք, որ դարձել է 68, առաջ 68 չէր: Մեր իշխանության օրոք Հայաստանում բոլոր բժիշկների, մանկավարժների, պետական աշխատողների աշխատավարձը փոխվել է»:
Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ դուք Մարտունու Ծակքար գյուղում ծնված, համեստ աշխատավարձով ապրող մարդ էիք, ո՞նց եղավ, որ այդ աշխատավարձը, ապրուստը ձեզ բավարարում էր, իսկ հիմա նախարարի աշխատավարձով էլ չեք բավարարվում, մի հատ էլ պարգեւավճար եք ստանում՝ Սանոսյանը պատասխանեց. «Ժողովուրդ ջան, ձեզ ինչի՞ է թվում, որ մենք մինչեւ նախարար կամ պաշտոնյա դառնալը սոված մեռնում էինք, մենք շատ ավելի լավ էինք ապրում, հատկապես՝ ես»:
Նա վստահեցրեց, որ ավելի լավ է ապրել առաջ, քան հիմա. «Ես ձեր օպերատորի նման երկու լավ հաղթանդամ եղբայրներ ունեմ, իրենց հետ աշխատում էի: Հիմա մենակ իրենք են աշխատում, ամեն ինչ նորմալ է; Այդ տպավորությունը չեմ հասկանում, ինչի՞ է ձեզ թվում, թե մենք սոված ման էինք գալիս, հիմա էլ եկել ենք աշխատանքի, հակառակը»։