2022 թվականի հունիսի 3-ին Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության որոշմամբ և գործադրմամբ, Վարդենիս քաղաքի կենտրոնական հատվածում տեղի ունեցավ ՌԱԿ «Վարդենիս» ակումբի գրասենյակի բացումը:
Վարդենիսում սկզբնական կառույցը հիմնադրվել է 2002 թվականին՝ ակումբի հիմնադիր՝ ատենապետ Դավիթ Դավթյանի նախաձեռնությամբ:
Գրասենյակի բացմանը ներկա էին ՌԱԿ «Վարդենիս» ակումբի անդամներն ու համակիրները, որոնք ջանասիրաբար փակցրեցին ակումբի արտաքին ցուցանակը, շնորհավորեցին միմյանց գրասենյակի բացման առիթով: ՌԱԿ «Վարդենիս» ակումբը ունի 57 անդամ, որոնք համայնքում կարող եւ հարգված անձնավորություններ են:
Կենտրոնական վարչությունը «Վարդենիս» ակումի գրասենյակը համալրել է անհրաժեշտ գույքով, համակարգիչներով, պրոյեկտոր-տեսացրիչով:
Շնորհավորական խոսքով հանդես եկան ընկերներ՝ ՌԱԿ ատենապետ Հրաչյա Կարապետյանը, փոխատենապետ Կարեն Կակոյանը, ատենադպիր Հովիկ Կարապետյանը, Վարչության մյուս անդամները: Կարևորվեց գրասենյակի դերը՝ որպես կուսակից ընկերների և համակիրների առաջիկա աշխատանքների արդյունավետ կազմակերպման գործոն:
ՌԱԿ կենտրոնական վարչությանը շնորհակալություն հայտնեցին «Վարդենիս» ակումբի ատենապետ, Կենտրոնական Վարչության անդամ Վարդան Դավթյանը, ակումբի և Կենտրոնական վարչության անդամ Վարդգես Գրիգորյանը, ակումբի վաստակաշատ անդամ և նախաձեռնող-հիմնադիր Դավիթ Դավթյանը և այլոք:
Գրասենյակի բացման ավարտից հետո, նորաբաց գրասենյակում կայացավ Կենտրոնական Վարչության արտագնա նիստը:
ՌԱԿ Մամլո Դիվան