Մենք ականատես ենք, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը լարված է, և կազմակերպության անդամ պետությունները շարունակում են բախվել նոր մարտահրավերների ու սպառնալիքների: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, Երեւանում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ նշել է ԱԺ նխագահ Ալեն Սիմոնյանը:
Նա նաեւ նշել է. «Դաշնակցային պետությունների սահմանների ամբողջ պարագծով շարունակում է աճել կոնֆլիկտային ներուժը: Բարդ եւ ծանր իրավիճակ է Տաջիկստանի եւ Աֆղանստանի սահմանին: Հուսով ենք, որ հակամարտող երկրների միջեւ առկա խնդիրները լուծում կստանան դիվանագիտական ճանապարհով: Լարված է մնում նաեւ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
Ցավոք, Ադրբեջանը շարունակում է բավականին ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Մտահոգություն է առաջացնում ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի:
Հուսով ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները, որոնք առանցքային դեր ունեն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման գործում, կվերականգնեն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստատուս-քվոն: