«Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման», — «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մասնակցությունն է նկատի ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը, երբ բրյուսելայն եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց, թե տևական և արդար խաղաղության համար պետք է քննարկում լինի հիմնական բոլոր հարցերի շուրջ՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ։
«Կարծում եմ, ի վերջո, Ղարաբաղի հայերը, իհարկե, մի կողմ են, որոնք պետք է լինեն լուծման մաս՝ ինչ ձևով էլ դա տեղի ունենա… Եւ շատ պարզ է, որ Ղարաբաղում ապրող մարդիկ հիմնարար շահագրգռվածություն ունեն համապարփակ կարգավորման հասնելու հարցում: Եվ անձամբ ես չեմ տեսնում, թե ինչպես կարող ենք հասնել նման կարգավորման՝ առանց այդ մարդկանց կարծիքն ու տեսակետը հաշվի առնելու», — նշեց նա։
Նրա խոսքով՝ ի վերջո հարցն այն է, որ սա պետք է լինի համապարփակ կարգավորում։ «Եվ մենք բոլորս գիտենք, թե ինչպես սկսվեց հակամարտությունը, և այն պետք է վերջնականապես փակվի։ Նախագահ Միշելն իր հայտարարության մեջ էլի շատ բան չի նշել։ Սա հայտարարություն չէր, որն ընդգրկում էր բոլոր այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն: Բայց փաստն այն է, որ մենք միշտ ընդգծել ենք, որ հակամարտության համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է, և մենք հենց դրա ուղղությամբ ենք աշխատում»։