«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այս պահին տեղի է ունենում դատական բարեփոխումներին վերաբերող միջոցառում, որին մասնակցում են նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներ, սակայն ընդդիմադիր խմբակցությունների անդամները հրավիրված չեն այդ հանդիպմանը։
«Մենք ցանկություն ենք հայտնել մասնակցել միջոցառմանը և ներկայացնել դատական համակարգի իրական վիճակը։ Ընդդիմադիր պատգամավորների մասնակցությունը տվյալ միջոցառմանն արգելված է, որովհետև ժողովրդավարության այն փուչիկը, որը օրեցօր և ամեն տեղ փորձում են փչել Փաշինյանն ու իր խունտան, մի օր պայթելու է։ Սա արդեն զանգով արդարադատություն չէ, այլ կնոպկայով արդարադատություն է»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ ներկայացրեց դատական համակարգի անկախության մասին, որն, իր խոսքով, դարձել է երազելի երևույթ։ «Հայաստանում նորից ունենք պրակտիկա, որ մարդկանց կալանավորում են ոստիկանի ցուցմունքի հիման վրա։ Սա հաղթահարվել էր Հայաստանում, բայց նորից ականատեսն ենք լինում սրան։ Այսպիսի խնդիրների առաջ ենք կանգնած, ու խոսում են դատական իշխանության անկախության մասին։ Սա այն թեման է, որ կարելի է փա՞կ քննարկել, պատգամավորներից փակ։ Նախկինում քննարկումները երբեք փակ չի եղել»,- ասաց Վարդևանյանը։
Հայկ Մամիջանյանը նշեց, որ այս մասին պատրաստվում են նամակ հղել Եվրոպայի խորհրդին և ներկայացնելու են իրավիճակը։