Դատախազությունն ուսումնասիրում է Politik.am լրատվական կայքի հրապարակումը, համաձայն որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ծեծել է իր քաղաքացիական կնոջը։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Պատգամավոր Ռուստամ Բաքոյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հարցերին ի պատասխան հերքել էր կնոջը ծեծելու մասին տեղեկությունները։ «Երկու բան ունեմ ասելու։ Մեկը՝ չի համապատասխանում իրականությանը տարածված տեղեկատվությունը, երկրորդը՝ գործը դատախազությունում է, ուսումնասիրության փուլում է», — նշել էր նա՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից։
Politik.am-ի «Լուսանկարներ․ Բաքոյանն անընդհատ ծեծել է կնոջը, ում տանն ապրել է․ նրանից ստացել է գրազի 3000 եվրո գումար, փորձել է իրենով անել 13 հազար դոլար արժեցող ժամացույց․ պատմում է կինը» վերտառությամբ հոդվածում (10․06․2022) կինը պատմել է իր և Ռուստամ Բաքոյանի հարաբերությունների մասին։
Համաձայն հրապարակման՝ Բաքոյանը, պատգամավոր դառնալուց հետո մեծ ջանքեր ներդնելով, ծանոթացել է Եվրոպայում ապրող երկու երեխաների միայնակ մոր հետ, իսկ կինը, Եվրոպայում թողնելով իր եկամտաբեր աշխատանքը, տեղափոխվել է Հայաստան և նրանք սկսել են միասին ապրել։ «Հայաստանում Բաքոյանը երկու տարի ապրել է կնոջ առանձնատանը, ծախսել նրա ֆինանսական միջոցները, անգամ սեփական հագուստն է կնոջ գումարներով գնել։ Ըստ մեր զրուցակցի՝ Բաքոյանը հաճախ ստեղծում էր իրավիճակներ, որպեսզի կինը խղճահարությունից դրդված նրան գումարներ տա անձնական խնդիրները (վարկեր, պարտքեր, անասնապահության բիզնես) լուծելու համար», — գրել էր Politik.am-ը։