Ուզում եմ ֆիքսենք, որ Շարժումը վրանների համար չէր, այլ վրաններն էին Շարժման համար։ Մենք որոշում կայացևիրնք, որ հրապարակում պետք է ստեղծենք դիմադրության օջախ, դրա համար անհրաժեշտ էր ունենալ վրանային ավան, որը հիմնեցինք ու հասկայական արդյունք ենք ունեցել։ Եկել էր մի պահ, որ պետք է գնահատեինք ստեղծված իրավիճակը և վրանների արդյունավետությունը։ Լինում են պահեր, երբ գալիս է ծանր որոշում ընդունելու ժամանակը։ Մեր որոշումը որևէ մեկին որևէ բան ապացուցելը չէ։ Մենք պատասխանատու ենք այս շարժման վերջնարդյունքի համար։ Մենք կարող էինք այս հրապարակը պահել մի քանի հարյուր մարդկանց հետ, 30-40 աստիճան արևի տակ, վատնել ու ջլատել մեր ռեսուրսը, ուժերը։ Նպատակահարմարությնա ու արդյունավետության հարց գոյություն ուներ։ Մենք որոշում ընդունելուց ոչ թե մտածում ենք մեր վարկանիշի մասին, այլ՝ արդյունքներ։ Մենք ենթադրում էինք, որ նման հարձակումներ կլինեն։ Մեր հայրենակիցները կհամոզվեն, որ Շարժումը չի թուլանում։ Վրանները իրենց գործը կատարեցին։ Մեր քաղաքացիների ուժերը հիմա այլ տեղ է պետք։ Պայքարի արդյունավետությունը պայմանավորված չէ վրաններով, դուք դա առաջիկայում կտեսնեք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Շարժումը այս երկու ամսվա ընթացքում լուրջ ձեռբերումներ է ունեցել։ «Հիշեք՝ ինչ իրավիճակ էր մինչև Շարժման և փողոցային պայքարի սկսելը։ Այդ ժամանակ երկրում կար տպավորություն, որ ժողովուրդը համակերպվել է երկիրը նոր կապիտուլյացիայի տանող իշխանությունների հետ, Արցախի հարցը մեծ հետաքրքրություն չունի հանրության շրջանում ու ժողովուրդը համակերպվել է այս իրավիճակի հետ»,- ասաց Սաղաթելյանը։
«Հայաստանից հնչում էր միայն պարտության ու հարմարվողականության ձայն։ Ամենագլխավոր հարցը՝ փոխվեց իրավիճակ։ Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու համար։ Միջազգային հանրությանը հստակ փոխանցվեց, որ ժողովուրդն այս իշխանությունների քաղաքականությունը մերժվում է։ Մենք նպատակ ունենք օր առաջ հասնել իշխանափոխության, դրա համար անհրաժեշտ է Շարժման կառուցվածքի մարտավարության փոփոխություն։ Շարժումը պետք է տարածել ամբողջ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում։ Դրա համար բոլոր նախադրյալները կան։ Պետք է շարունակենք պայքարը մինչև վերջնական հաղթանակ։ Շարժումը դադար վերցնելու, հետքայլի մասին խոսակցությունները ընդամենը խոսակցություններ են»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։