Զոհված զինծառայողների ծնողները ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ են։ Նրանք հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազին՝ ՔԿ Արգիշտի Քյարամյանի ոչ պատշաճ պահվածքի դեպքի առնչությամբ, միևնույն ժամանակ միջնորդություն ներկայացրել՝պահանջելով, որ պատերազմի վերաբերյալ քրեական գործը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ից տեղափոխվի ԱԱԾ քննչական դեպարտամենտ, գրում է Փաստինֆոն։
Զոհված զինծառայողների ծնողները հայտնում են, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ծնողների հետ հանդիպման ժամանակ ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորել, փողոցային «ռազբորկա» արել։ Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ, թեև ինքը ներկա չի եղել, սակայն լսելով կնոջը, հայտնի է, որ Քյարամյանը շատ վատ է պահել իրեն՝ որպես ՔԿ ղեկավար։
«Իր աշխատասենյակում, եթե դու ծնողներին հրավիրել ես, բարձրացրել ես աշխատասենյակ, որ դու զրուցես ու փորձել ես հաթաթա տալ՝ «հանկարծ մեկը ձայնագրի, քրեական գործ եմ հարուցելու, անձամբ եմ հետևելու, որ դատվի»։
Դա ՔԿ ղեկավարի խոսակցությու՞ն է։ Այ լապիստրակ, դու մի հատ հաշվի առ ում հետ ես խոսում, ովքեր են քո աշխատասենյակում, դու երեխա ունե՞ս, երեխո արժեքը գիտես, ծնողին հաթաթա ես տալիս»,- նշեց Գալեյանը՝ հավելելով, որ ՔԿ-ին ընդհանրապես չեն վստահում, ինչի վառ օրինակ է նաև իր վերաբերյալ քրեական գործը. «Ուզում եմ հասկանալ՝ լավ են զգում իրենց, իրենց տղամա՞րդ են զգում, շառ են արել ու գործ են կարել»։