Խաղաղության համաշխարհային ինդեքսում Հայաստանն ամենախաղաղասեր երկրների ցանկում առաջ է հարևաններ Ադրբեջանից, Թուրքիայից, Վրաստանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրապարակվել է «Global Peace Index» 2022թ.-ի ռեյտինգը, որում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը:
Ադրբեջանը 128-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 145-րդ: Վրաստանը ցանկում 95-րդն է, իսկ Իրանը՝ 141-րդը:
Նախորդ տարվա ինդեքսում Հայաստանը և Վրաստանը հավասար միավորներով եղել են 86-րդը, Ադրբեջանը՝ 120-րդը, Թուրքիան՝ 150-րդը:
Ամենախաղաղասեր երկրների ցանկը գլխավորում է Իսլանդիան: Առաջին տասնյակում են նաև Նոր Զելանդիան, Իռլանդիան, Դանիան, Ավստրիան, Պորտուգալիան, Սլովենիան, Չեխիան, Սինգապուրը Ճապոնիան: Ինդեքսը եզրափակում է Աֆղանստանը:
Խաղաղության համաշխարհային ինդեքսը հրապարակում է Տնտեսության և խաղաղության ինստիտուտը (IEP):
Ինդեքսում ներկայացված է խաղաղության ուղղությամբ հիմնական տենդենցների ամբողջական վերլուծությունը, դրա տնտեսական արժեքները և խաղաղ հասարակությունների զարգացման մեթոդները: Խաղաղության համաշխարհային ինդեքսն ընդգրկում է աշխարհի բնակչության 99.7 տոկոսը: Ինդեքսը չափում է խաղաղության վիճակը երեք ուղղություններով՝ հասարակական անվտանգության և պաշտպանվածության մակարդակ, ներքին և միջազգային շարունակվող կոնֆլիկտների աստիճան, ռազմականացվածության աստիճան: