Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Մինսկում տեղի ունեցած նեղ և ընդլայնված կազմերով նիստերի ընթացքում քննարկել են եվրասիական ինտեգրման թե՛ հրատապ և թե՛ հեռանկարային հարցերը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված Մինսկ-Երևան-Բիշքեկ-Նուր-Սուլթան տեսակամուրջ ժամանակ հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան:
Մալկինայի խոսքով՝ քննարկումները չեն անցել առանց բուռն բանավեճերի, բայց միևնույն ժամանակ՝ բոլոր հարցերում էլ հաջողվել է հասնել դրական, համաձայնեցված որոշումների:
«Երկու օրվա ընթացքում ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները շատ ակտիվորեն քննարկում էին եվրասիական ինտեգրացիայի ե՛ւ հրատապ, ե՛ւ հեռանկարային հարցերը: Բնականաբար, հնարավոր չեղավ խուսափել բուռն բանավեճերից: Դրա հետ մեկտեղ, գործնականորեն բոլոր հարցերում հաջողվեց հասնել դրական, համաձայնեցված որոշումների: Ուզում եմ ընդգծել, որ բոլոր հարցերն էլ անմիջականորեն շոշափում են մեր համատեղ կյանքի, մեր ինտեգրման ամենակարևոր կողմերը», — հաղորդեց խոսնակը: