ՔԿ–ն պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբորը՝ Արթուր Գալեյանին, այսօր լրացուցիչ հարցաքննության էր կանչել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հրաժարվել են քննչական գործողությունների մասնակցելուց և առաջիկա երկու օրերին բացարկի միջնորդություն կներկայացվի, գրում է «Փաստինֆո» կայքը։
«Մեզ այս քրեական գործով ՔԿ հրավիրելն արդեն իսկ անօրինական գործընթաց է, դրան իրավական գործընթաց չեմ անվանի, քանի որ քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հաստատել էր, որ բացակայում է հիմնավոր կասկածը՝ երեք հոդվածներով: Միջնորդություն էինք ներկայացրել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, պատասխանը դեռևս չենք ստացել»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ունենք իրավիճակ, որ անօրինական մեղադրանքով անձին հրավիրում են քննչական գործողություններ իրականացնելու համար:
Փաստաբանի խոսքով` քննիչը հայտնել է, որ քրեական գործը զինվորական քննչական գլխավոր վարչությունից տեղափոխվել է ՔԿ, ինչից փաստաբանը ենթադրում է, որ գործի տեղափոխման պատճառը չի կարող իրավական լինել։
«Արգիշտի Քյարամյանը զոհվածների ծնողների հետ հանդիպման ժամանակ արտահայտություններ արեց, որից ենթադրում ենք, որ նա շահագրգռված է այս գործի ելքով։ Ուստի, քրգործը ՔԿ տեղափոխելով, նպատակ են հետապնդում ցանկալի արդյունքի հասնել, այսինքն` մեղադրական եզրակացությամբ քրգործն ուղարկել դատարան»,–ասաց Հովհաննիսյանը։