«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության համահիմնադիրներից Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Տեղի ունեցավ մեր բողոքի ակցիան՝ բիոլաբորատորիաների թեմայով:
Նախ բոլորս էլ հասկանում ենք, որ բիոլաբորատորիաների թեման իշխանության գրչակները մանիպուլացրել են և եթե մեկն այս թեմայով փորձում է խոսել, ապա կապում են Ռուսաստանի Դաշնության կամ այլ պետության հետ:
Մենք բիոլաբորատորիաների թեմային անդրադառնում ենք առաջին հերթին ազգային անվտանգության շահերից ելնելով:
Այսպես, խոսենք փաստերով:
Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, գործում է 8 լաբորատորիա, որոնք վերակառուցվել են ԱՄՆ կառավարության կողմից, ավելի կոնկրետ՝ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կողմից: Այդ լաբորատորիաներից կան նաև Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում:
Այս լաբորատորիաների հետ կապված տարբեր տեղեկություններ էինք ստանում, մասնավորապես նշվում էր, որ այդ լաբորատորիաներում հետազոտություններ են կատարվում, մարդկանց և կենդանիների համար վտանգավոր հիվանդություններ և հարուցիչներ են ուսումնասիրվում՝ կենսաբանական զենք պատրաստելու նպատակով:
Մեր հասարակության մեծ մասը այդ տեղեկություններին լուրջ չէր վերաբերվում:
Համեմատության համար պետք է նշեմ, որ նույն վիճակն էր նաև Ուկրաինայում: Այնտեղ կա 30 լաբորատորիա: Մեկ տարի առաջ նույնիսկ ստորագրահավաք էին կազմակերպում Ուկրաինայի լաբորատորիաները փակելու համար: Դրան էլ մարդիկ լուրջ չէին վերաբերվում, մինչև վերջերս, երբ Ռուսաստանի Դաշնության տարբեր գերատեսչություններ փաստեր հրապարակեցին այդ լաբորատորիաներում վտանգավոր նյութերի ստեղծման առնչությամբ:
Հատկանշական է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը ոչ միայն չի հերքել դա, այլ նշել է՝ «ուկրաինայում կան կենսաբանական հետազոտություններով զբաղվող կենտրոններ: Այս պահին մենք անհանգստացած ենք, որ ռուսական ուժերը կարող են փորձել վերահսկողություն ստանալ դրանց վրա»:
Նույն վիճակն է Վրաստանում: Վրաստանի Ռիչարդ Լուգարի հանրային առողջության հետազոտական կենտրոնի հետ կապված դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել: Խոսքը մահացած 248 պացիենտի մասին է, որոնք այդ կենտրոնում հեպատիտ ցե-ի դեմ բուժում էին անցնում: Ըստ հրապարակումների այդ մարդիկ փորձարկման են ենթարկվել:
Հիմա գանք մեր երկիր: Ինչու են ֆինանսավորվում մեր բիոլաբորատորիաները: Լավ, համարենք, որ առողջապահական խնդիրների հարցում մեզ օտարեկրյա գործընկերները փորձում են օգնել:
Արդյոք այստեղ չի առաջանում գլխավոր հարցը՝ ինչու է առողջապահական խնդրին առնչվող բիոլաբորատորիաները ֆինանսավորվում ԱՄՆ ռազմական գերատեսչության կողմից:
Ինչ կապ ունի ռազմական գերատեսչությունը առողջապահական ոլորտի հետ: Այս հարցի պատասխանը գալիս է հիմնավորելու, որ բիոլաբորատորիաների ֆինանսավորումն այդքան էլ առողջապահական նպատակ չի հետապնդում, այլ՝ ռազմական: Հայաստանի քաղաքացիներս պետք է մերժենք այս երևույթը առնվազն 3 պատճառով՝
- Այս լաբորատորիաները վտանգ են ներկայացնում հանրային առողջության համար.
- Կենսաբանական զենքի մշակմանն ու արտադրությանն առնչվող գործողություններն արգելված են միջազգային պայմանագրերով և ՀՀ քրեական օրենսգրքով: Այդ արարքը ծանր հանցագործություն է համարվում.
- Այդ կենսաբանական զենքի հնարավոր թիրախ հանդիսացող պետությունը կամ պետությունները կարող են անառողջ հետաքրքրություններ ունենալ մեր երկրի նկատմամբ, որը չի կանխում միջազգային հանցագործությունը:
Մենք կատարել ենք հարցումներ: Իրականացնելու ենք ուսումնասիրություններ և փորձելու ենք կանխել այս չարիքը:
Կցանկանամ տեղեկացնել, որ մեր ուղերձը ոչ թե ԱՄՆ ժողովրդին է ուղղված, այլ կոնկրետ այն քաղաքական խմբակին, որոնք չեն հարգում իրենց իսկ պետության կողմից ստորագրած միջազգային պայմանագիրը:
Պահանջում ենք թափանցիկ և հաշվետու հետաքննություն սկսել բիոլաբորատորիաների գործունեության մասով:
Մեր հայրենիքը փորձադաշտ չէ: Հայաստանի արժանապատիվ քաղաքացին փորձաճագար չէ: