Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետն ընդգծել է Գերմանիայի հետ հարաբերությունների կարևորությունը, որը ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է և վստահություն հայտնել, որ քաղաքական երկխոսության բարձր մակարդակն էլ ավելի առաջ կմղի փոխշահավետ գործակցությունը:
Դեսպան Ռիխտերը նշել է, որ Գերմանիան հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ համագործակցությունը և վերահաստատում է իր օժանդակությունը ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին:
Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական կապերի խորացման հեռանկարները: Գոհունակություն հայտնելով երկկողմ օրակարգի շրջանակում իրականացվող ծրագրերից՝ Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել ինտենսիվ գյուղատնտեսությունը ևս: ԳԴՀ դեսպանը ողջունել է վարչապետի առաջարկը և հիշատակել նաև ՓՄՁ, էներգետիկայի, ջրային տնտեսության, էլեկտրոնային կառավարման, ֆինանսական և այլ ոլորտներում համատեղ ծրագրերը: Երկուստեք կարևորվել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերակառուցման վարկերի բանկի (KfW) գործունեությունը: