ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը, ում եղբոր անունը կապվում է Ապարանում տեղի ունեցած արյունալի կրակոցների հետ, չի ցանկանում մեկնաբանել այդ խոսակցությունները՝ խորհուրդ տալով սպասել քննչական գործողությունների ավարտին։ Նա նշեց, որ աշխարհում չի կարող լինել մի մարդ, ով կարդարացնի այդ միջադեպը։
«Ցավակցում եմ մահացածների ընտանիքներին։ Ինչ վերաբերվում է Ապարանի դեպքերին, չեմ ուզում դրա մասին խոսել, գրառում եմ արել։ Հիմա զերծ կմնամ դեպքերի մասին խոսել, թողնում եմ քննչական գործողություններին։ Կրքերը բորբոքված են, Ապարանի բոլորիս մեծ տունն է եղել։ Ոչ մեկի համար էլ այդ արարքն ընդունելի չէ։ Չեմ ուզում խոսեմ, որ չխոչընդոտեմ։ Ես ձեզ ասեմ, որ ինքս խորապես շահագրգռված եմ, որ այս ամենը բացահայտվի, ինչով կարողանալու եմ օգնելու եմ, որ բացահայտվի ամբողջ ճշմարտությունը, որովհետև ինձ համար ևս շատ ցավալի է այդ կորուստը։ Ես տունը նստած՝ ինձ լկտիաբար քաշում են նմանատիպ հարցերի մեջ, սարքեցին քաղաքական հարց, որից հետո փորձեցին խուսանելով մեկ այլ մեկնաբանություններով շեղել այս ամենը։
Այնտեղ եղել են 100-ից ավել մարդի, թող բացահայտեն ով ինչ է արել։ Ես վստահ եմ, որ եղբորս էլ են կանչելու ու հարցաքննելու են։ Ինչքանով ես տեղյակ եմ բազմաթիվ մարդկանց հարցաքննել են։ Ես բացահայտելու կողմնակիցն եմ։ Ինձ ասում են, որ շարունակական պրոցեսն առաջ է գնում ու շատ ծավալուն գործընթաց է, մարդկանց կանչում են հարցաքննության», — ասաց պատգամավորը։
Միջադեպին իր եղբոր մասնակցության մասով, պատգամավորը նշեց՝ այո՛, իմ եղբայրը եղել է այնտեղ, դա գազալցակայան է, մեզանից բոլորն էլ կարող էին լինել այնտեղ․ «Վիճաբանություն իմ եղբոր մասնակցությամբ չի եղել։ Ես իմ ամբողջ կյանքում կրում եմ պատասխանատվություն և պատրաստ եմ ցանկացած պատասխանատվության։ Սրա տակը քաղաքական կոնտեքստ դնելը անբարոյականություն է»։
Պատգամավորը չհերքեց կրակոցների վայրում իր եղբոր ներկայությունը՝ ասելով, որ այդ հարցին չի ցանկանում պատասխանել։