«Ազատագրական շարժումը» հուլիսի 1-3-ը եռօրյա ուխտագնացության է մասնակցում դեպի Արցախ՝ զորակցելու տեղի հայությանը այս օրհասական պահին, հատկապես՝ Բերձորի և Աղավնոյի և ընդհանրապես, բոլոր հայկական բնակավայրերի հայրենակիցներին։ Ուխտագնացության առաջին օրը Շարժման անդամները եղան Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում, որտեղ տեղի ունեցավ փոքրիկ համերգ և ազգային պարուսուցում։
Սուրբ Համբարձման եկեղեցում քահանայի օրհնությամբ տեղի ունեցավ պատարագ, որին մասնակցեցին նաև Երևանից ժամանած հյուրերը, մարդիկ, ովքեր հատուկ այդ օրը եկել էին սատարելու տեղի հայ բնակչությանը։ Աղավնոյի և Բերձորի մշակութային խմբակների երեխաները ներկաներին ոգեշնչեցին իրենց կատարումներով, ապա՝ մասնակցեցին ազգային պարերի ուսուցմանը։ Ազատագրական շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը միջոցառման մասնակիցներին հայտարարեց, որ այս օրերին պետք է լինել Բերձորի և Աղավնոյի բնակիչների կողքին՝ անգամ եթե այս պահին որևէ բացասական զարգացում տեղի չունենա։
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, հայկական կողմը պատրաստվում է Ադրբեջանին զիջել Արրցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի մեջ կարող են հայտնվել Բերձոր և Աղավնո համայնքները՝ վտանգի տակ դնելով այնտեղ հայկական հետքը։
Բերձորի եկեղեցում խորհրդանշական պատարագից հետո Շարժման անդամները ուղևորվեցին Ստեփանակերտ, որտեղ Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցեցին պատարագի արարողությանը։
Ուխտագնացության երկրորդ օրը նախատեսված է այց Ամարաս վանական համալիր, մասնակցություն պատարագին, ապա այցելություն՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձան։