Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտնել է, որ նախկին վարչապետ Շինձո Աբեն, ում դեմ հուլիսի 8-ին մահափորձ է իրականացվել, ծանր վիճակում է: Նա հույս է հայտնել, որ Աբեն կկարողանա ապրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Associated Press-ը:
Կիսիդան, ով Աբեի հետ նույն քաղաքական կուսակցությունից է, մահափորձի մասին իմանալուց չեղարկել է քարոզարշավն ու վերադարձել Տոկիո: Վարչապետի գրասենյակում, խոսելով լրագրողների հետ, Կիսիդան տեղեկացրել է, որ Աբեին տրամադրվում է համապատասխան բուժօգնություն: «Ես ի սրտե աղոթում եմ, որ նախկին վարչապետ Աբեն կարողանա ապրել»,- ասել է նա: Ճապոնիայի վարչապետը «վայրագություն» է անվանել իրականացված մահափորձը՝ նշելով, որ նման հանցանքները ժողովրդավարության հիմքը համարվող ընտրությունների քարոզարշավի ընթացքում բացարձակապես աններելի են:
Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն հուլիսի 8-ին՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում ելույթ ունենալիս հարձակման է ենթարկվել: Ճապոնիայի հանրային հեռարձակողը՝ NHK-ն փոխանցել է, որ նախնական տվյալներով ինքնաշեն ատրճանակով նրան կրակել են թիկունքից: Հնչել է երկու կրակոց:
Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման մեջ կասկածվող 41-ամյա տղամարդը ձերբակալված է: