Գործող պահեստազորի սպա, լեյտենանտ Արամ Քալանթանյանը 2020 թվականի սեպտեմբերի 27–ին զորակոչվել է պաշտպանելու հայրենիքը։ Պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է, զրկվել մեկ ոտքից, սկզբում ստացել է 2–րդ կարգի ընդհանուր հիվանդության, ապա` զինհաշմանդամի կարգավիճակ, որի համար Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամից նշանակվել է հատուցում։ Հիմնադրամից, ՊՆ Սոցապ բաժնից ստացել է հավաստիացում, որ նշված ամենամսյա հատուցումները վճարվելու են 20 տարվա ընթացքում՝ անընդմեջ։ Սակայն, Արամ Քալանթարյանի հաշմանդամության կարգը փոխել են, զրկել հատուցումից, ինչի վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, Պաշտպանության նախարարության ու հասարակական կազմակերպությունների բաց նամակ է հղել, որում ասվում է․
«Պատերազմից հետո ստացել էի զինհաշմանդամի կարգավիճակ, այժմ, մեկ տարի անց, հաշմանդամության վերափորձաքննության ժամանակ հաշմանդամության 2–րդ կարգը փոխարինվել է 3–րդ կարգով, որի հետևանքով դադարեցվել է նաև Հիմնադրամի հատուցումները։ Վերափորձաքննության ժամանակ ինձ ներկայացվել է ինչ-որ ցուցակ, ենթադրաբար Սոցապ նախարարության կողմից տրամադրված, որի մեջ նշված էր, որ մեկ ոտքի բացակայության դեպքում 2–րդի փոխարեն 3–րդ կարգ է սահմանվում` եթե այլ, ուղեկցող հիվանդություններ չկան։
1. Փորձաքննիչ բժիշկներն այդպես էլ հոդաբաշխ կերպով չկարողացան բացատրել, թե ինչպես է մի վերջույթ կորցրած անձնավորության կարգավիճակը հավասարեցվում խրոնիկական ճնշում ունեցող անձի կարգավիճակին
2. Հնչեց արտահայտություն, որ «դե վերքը լավացել է, դուք միանգամայն աշխատունակ եք», կարծես խոսքը սովորական վերքի մասին էր, և ոչ թե բացակայող վերջույթի, որը վերականգնման ենթակա չէ և ցմահ սահմանափակում է հանդիսանում
3. Հաշմանդամության կարգը որոշելիս բացարձակապես հաշվի չի առնվում այն փաստը, որ հաշմանդամությունը ձեռք է բերվել մարտի դաշտում և արտադրական կամ կենցաղային տրավմա չէ։ Բոլոր նմանատիպ վիրավորում ունեցող անձինք նաև կրել են կոնտուզիա և ունեն հետ-տրավմատիկ ստրես, որոնք երկարաժամկետ, անդառնալի հետևանքներ են թողնում, օրինակ`անքնության և նյարդային խնդիրներ
4. Հաշվի չի առնվում նաև այն, որ չնայած շարժունակություն ապահովող պրոթեզի առկայությանը (որն, ի դեպ, տրամադրվել է Ethernal Nation հիմնադրամի, և ոչ թե ՀՀ միջոցներով), վերջույթից զրկված անձինք զգալի սահմանափակումներ ունեն ինչպես կենցաղում, այնպես էլ հասարակական վայրերում, ինչպես նաև այն փաստը, որ պրոթեզները նախատեսված չեն մշտական կրման համար և օրվա մի մասի ընթացքում տեղաշարժման այլ միջոցներ ենք կիրառվում (սայլակներ, հենակներ, և այլն)
Սրանք մի քանիսն են միայն այն անարդարության ցանկից, որին հենց հիմա բախվում են վերջին պատերազմի մասնակից զինհաշմանդամները։
Կոչ եմ անում։
Սոցապ և ՊՆ նախարարություններին` շտապ և արտահերթ կարգով վերանայել զինհաշմանդամներին տրամադրվող հաշմանդամության կարգի չափորոշիչները, վերանայել մինչև այժմ փոփոխված հաշմանդամության կարգ ունեցող անձանց կարգավիճակը, վերականգնել Հիմնադրամի հատուցումները։
Բժիշկ փորձագետներին` արտահայտել իրենց կարծիքն այս աղաղակող անարդարություն դեմ, հասկանալով հանդերձ, որ միգուցե ձեր մեջ աշխատանքից զրկվելու վախեր ունեք։ Մի սահմանափակվեք միայն «մենք ամենայն հարգանք ունենք կռված տղաների նկատմամբ» արտահայտությամբ։
Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամին` տեր կանգնել իրենց հիմնական առաքելությանը` ֆինանսապես կանգնել հայրենիքի պաշտպանության ժամանակ առողջական խնդիրներ ձեռք բերած զինծառայողների կողքին, հասկանալով հանդերձ, որ հատկապես վերջին պատերազմից հետո հիմնադրամի միջոցների անբավարարության խնդիր կա։ Մեկ տարի առաջ դուք ինքներդ էիք հերթական շահառուների ցուցակ հրապարակելիս շեշտում, որ հատուցումները տրամադրվելու են 20 տարի անընդմեջ։
Լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին` լայնորեն լուսաբանել խնդիրը և հետևողական լինել դրա լուծմանը։
Այս անարդարության զոհ դարձած բոլոր զինհաշմանդամներին` լռելու ու համակերպվելու փոխարեն, բարձրաձայնել անարդարության մասին բոլոր հնարավոր միջոցներով։
Ի վերջո, պետությունը պետք է սովորի տեր կանգնել հայրենիքի համար մահվան աչքերին նայած և առողջությունից զրկված իր քաղաքացիներին։ Մենք այնքան էլ շատ չենք, և ցանկության դեպքում անհրաժեշտ միջոցներ կգտնվեն, չնայած կոչն ավելի շատ արդարության վերականգնման մասին է։
Հարգանքով,
Արամ Քալանթարյան` 2020 թվականի պատերազմի զինհաշմանդամների անունից»