Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը աջակցություն է հայտնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների հեռախոսազրույցի և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսության վերաբերյալ «Ամերիկայի ձայն»-ի հարցին:
«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որը դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: Հայ-թուրքական երկխոսությունը ներուժ ունի մեծացնելու տարածաշրջանային կայունությունը, զսպելու վնասակար ազդեցությունը և հանգեցնելու ավելի մեծ տնտեսական զարգացման, որը շահավետ է բոլորի համար»,- ասված է ԱՄՆ պետդեպի արձագանքի մեջ:
Պետդեպն ընդգծել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հատկապես կարևոր է այսօր՝ հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:
Պետդեպը հավելել է, որ Միացյալ Նահանգները պատրաստակամ է աջակցել այս կարեւոր երկխոսությանը այնպես, ինչպես երկու կողմերը կհամարեն պատշաճ: