Սահմանադրական դատարանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ հայցելով վերջինիս կարծիքը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի մի շարք խնդրահարույց դրույթների մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արա Ղազարյանը։
Նա նաեւ նշել է. «Դրանք այն դրույթներն են, որոնց մասին շատ է բարձրաձայնվել սկսած այն պահից, երբ օրենքի նախագիծն ընդունվեց․ գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, ապացուցման բեռը պատասխանողի վրա դնելու կարգավորումը, ապացույցի չափանիշի բացակայությունը օրենքում, ու այս ամենի բախումը մարդու իրավունքների հետ (տվյալ դեպքում գույքային իրավունքի)։
Խնդիրն ընդհանուր առմամբ բարդանում է ու խճճվում՝ այն ինչ բազմիցս կանխատեսվել էր բազմաթիվ մասնագետների կողմից։ Միևնույն ժամանակ՝ ի՞նչ օրենքի հիման վրա է ՍԴ-ն հայցել խորհրդատվական կարծիք միջազգային կազմակերպությունից։ Եվ արդյո՞ք բոլոր հարուցված դատական գործերը չպետք է կասեցվեն»:
Հիշեցնենք, որ ՍԴ աշխատակարգային որոշման համաձայն, Վենետիկի հանձնաժողով է դիմում հետևյալ հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով.
- «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի» կանոնադրության հիման վրա դիմել «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով»` հետևյալ հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք (amicus curiae) ստանալու նպատակով.
1) արդյո՞ք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը համատեղելի է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտին առաջադրվող՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության եվրոպական կիրառելի ստանդարտներին,
2) արդար դատաքննության իրավունքի և իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության նպատակով ո՞րն է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վարույթում կողմերի միջեւ ապացուցման բեռի արդարացի բաշխման և ապացուցման ստանդարտների հարցում համեմատական սահմանադրական իրավունքի դիտանկյունից «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին» անդամակցող պետություններում լավագույն փորձը,
3) հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2020 թվականի մայիսի 23-ին, արդյո՞ք մինչև այդ ձեռքբերված գույքի ծագման օրինականությունն ապացուցելու դատավարական պարտականությունը համատեղելի է օրենքի հետադարձ կիրառության արգելքի վերաբերյալ եվրոպական հնարավոր ստանդարտների հետ,
4) արդյո՞ք մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ընթացակարգերի հարուցման և իրականացման համար «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով ամրագրված առավելագույն ժամկետի սահմանված չլինելը համատեղելի է իր գույքից օգտվելու իրավունքի պաշտպանության եվրոպական ստանդարտի հետ»։
Որոշման մեջ նաև նշվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով վարույթը կասեցնել` մինչև «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի»՝ վերը նշված հարցերի կապակցությամբ խորհրդատվական կարծիքն ստանալը»: