Ադրբեջանը, որը նոյեմբերի 9-ի հայտարարությունը իր հաղթանակն է համարում, այսօր մի խնդիր ունի, վերացնել այդ հայտարարությունը և խուսափել այդ հայտարարությամբ արձանագրված իրողությունների ամրագրումից։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ 3 առանցքային իրողություն է արձանագրվել․ ԼՂ միավորի գոյությունը, ԼՂ-ում շփման գծի առկայությունը և ԼՂ-ի ու ՀՀ-ի միջև կապը երաշխավորող Լաչինի միջանցքի գոյությունը։ Այս ընթացքում թղթի վրա գված այս իրողությունները այսպես ասած շատ չենք ցանկացել ընդգծել, բայց սրանք իրողություններ են և Ադրբեջանի միջազգային պարտավորությունն են։ Ադրբեջանը այսօր շատ է թմբկահարում, որ Հայաստանը նոյեմբերի 9-ով ստանձնել է պարտավորություններ։ Այս, մենք ստանձնել ենք պարտավորություններ և բոլորը կատարել ենք, Ադրբեջանն էլ պետք է կատարի իր երեք պարտավորությունները՝
1․ ընդունի Ադբրեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված ԼՂ միավորի գոյությունը
2․ հարգի ԼՂ-ում շփման գծի առկայությունը
3․ հարգի Լաչինի միջանցքի գոյությունը, որը ՀՀ-ի հետ ԼՂ կապը ապահովող կարևորագույն ինստիտուտն է
Ադրբեջանը պարտավոր է կատարել այս երեք պարտավորությունները, եթե ոչ, ապա մենք պետք է մեր օրակարգում ներառենք սեփական ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները հարգելուն ուղղված միջազգային մեխանիզմների գործարկումը»,- կառավարության նիստին հայտարարեց Փաշինյանը։