ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ վարչապետը նշեց, որ Բրյուսելում քննարկումը ծավալուն է եղել:
«Քննարկումը հեշտ չէ, բայց ես ուզում եմ նաև արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ և պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ», -ասաց Փաշինյանը:
Վարչապետը ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, և այստեղ էլ վճռականություն է անհրաժեշտ այդ օրակարգը կյանքի կոչելու համար։
«Մենք պետք է բոլորս հասկանանք, որ դա հեշտ չէ և պարզ չէ, և հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն»,- հավելեց Փաշինյանը:
Վարչապետը անհրաժեշտ է համարում շարունակել հետևողական աշխատանքը. «Անհրաժեշտություն է, և ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տևական և համապարփակ խաղաղություն: Եվ մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա»,- եզրափակեց Փաշինյանը:
Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ:
ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում: Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին: