Սեպտեմբերի 13-ի գիշերն ադրբեջանական կողմի սանձաձերծած ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Էդմոն Սարգսյանը։ 19-ամյա Էդմոնը Երեւանից էր, ապրում էր Հաղթանակ թաղամասում, տան միակ զավակն էր։
Նա սովորում էր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական լուսանկարչության բաժնում, ուսանողական խորհրդի անդամ էր։
«Էդմոնը շատ համեստ, կարգապահ, հայրենասեր տղա էր։ Ուներ իրենից մեծ մեկ քույր, ով աշխատում է նույն ոլորտում։ Քույրը վերջերս էր ամուսնացել, Էդմոնն էլ արձակուրդի ժամանակ եկել էր մասնակցելու հարսանիքին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էդմոն Սարգսյանի դասղեկ Ռուզաննա Հակոբյանը։
Էդմոնը նախորդ տարվա ամռանն էր զորակոչվել բանակ, ծառայում էր Ջերմուկի զորամասում։ Հարազատները, ընկերները Էդմոնին բնութագրում են որպես պայծառ, լուսավոր, հասնող, ընկերասեր, ժպտերես տղա։
Էդմոնի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 14-ին։