Հայ-ադրբեջանական սահմանին ժամը 18.00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ: Ժամը 15.00-ից 17.00-ն ընկած հատվածում Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը:
Այս մասին հայտարարեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Նա նշեց, որ լայնորեն կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր:
«16.40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Այս պահին հրդեհը մարվել է: Ժամը 17.00-ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է»,-ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները թշնամուն համարժեք պատասխանելու համար:
Արամ Թորոսյանը հիշեցրեց, որ հայկական կողմի զոհերի այս պահին հաստատված թիվը` 105, հրապարակվել է քիչ առաջ վարչապետի կողմից, իսկ վիրավորների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար գործում է պաշտպանության նախարարության թեժ գծի 1-28 հեռախոսահամարը:
Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով: