Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական ագրեսիայի և հարձակման հետևանքով, պաշտոնական տվյալների համաձայն, հայկական կողմն ունի 207 զոհ և անհետ կորած, 293 վիրավոր։ Ադրբեջանական կողմը այսօր հայկական կողմին է փոխանցել ևս 95 հայ զինծառայողի մարմին։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է նաև ժամկետային զինծառայող Արմեն Հակոբյանը։ Նա ծառայում էր Կապանի զորամասում։ Արմենը ծառայակիցների շրջանում ստացել էր «բոյով» մականունը իր բարձրահասակ լինելու համար։ Հրամանատարները նրան բնութագրում են որպես կիրթ, հայրենասեր զինվոր, ով ծառայության ընթացքում աչքի է ընկել միայն դրական կողմով։ Արմենը տան միակ զավակն էր, ունի երկու քույր։
Թշնամու հարձակման օրը Արմենը եղել է 112 մարտական դիրքում։ Թշնամու հատուկ նշանակության «յաշմա» ջոկատը 15-20 հոգանոց խմբով հարձակվել է դիրքի վրա։ Հակառակորդը տեսնելով, որ առջևից հաջողության չի հասնում, չի կարողանում գրավել դիրքը, շրջանցել և տեղափոխվել է դիրքի թիկունք։ Ժամկետային զինծառայողները ինքնակազմակերպվել են և կատաղի մարտը վարել մինչև իրենց մոտ եղած վերջին փամփուշտը։ Արմենը զոհվել է կատաղի մարտի ընթացքում՝ կրակելով վերջին փամփուշտը և պաշտպանելով իր բաժին հայրենիքը։
Դիրքի տղաներից ողջ է մնացել միայն դիրքի ավագը, ով տեսնելով, որ իր ընկերները զոհվել են, ստիպված նահանջել է հարակից դիրք։ Մեզ պատմեցին, որ, ամենայն հավանականության, 112 մարտական դիրքից ևս մեկ ողջ մնացած զինվոր կա, ով վիրավոր է։ Նրան այս պահին որոնում են։ Դիրքը գրավված է ադրբեջանցիների կողմից։
Արմենի և իր դիրքի տղաների հերոսության և անձնազոհության մասին Chap․am-ին պատմեցին Արմենի հարազատները, ծառայակից ընկերները և ոչ անմիջական հրամանատարները։
Քրիստինա Աղալարյան

