ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ այսօր ընթանում է աշխարհակարգի փլուզման գործընթաց՝ նշելով, որ անհրաժեշտ է աշխատել այս իրողության արձանագրմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում իր ելույթում Փաշինյանը մասնավորապես ասաց. «Ըստ էության աշխարհակարգը, կամ, եթե ժողովրդական լեզվով ասենք՝ աշխարհը բոլորիս աչքի առաջ փլուզվում է: Սրանում ոչ մի չափազանցություն չկա»:
Վարչապետը համոզված է՝ այսօր գոնե եվրասիական տարածաշրջանում չկա մի երկիր ու պետություն, որ այս ցնցումից հարվածի իր բաժինը չի ստանալու: «Եվ մենք փլուզման այս գործընթացի մեջ պետք է լինենք կրկնակի ճկուն, կրկնակի ինտելեկտուալ, կրկնակի դիմադրողական, որպեսզի կարողանանք մեր երկիրը, այս փոթորկված օվկիանոսի միջով անցկացնելով, հասցնել խաղաղ նավահանգիստ»,-ասաց Փաշինյանը:
Ապա նա ընդգծեց՝ սրա համար պետք է հատուկ կամք, հատուկ իմաստություն, հատուկ աշխատասիրություն, հատուկ հետևողականություն:
«Մենք, այնուամենայնիվ, պետք է նորից անդրադառնանք մտածողության այն բանաձևերին, որոնցով առաջնորդվել ենք՝ որպես պետություն, որպես ժողովուրդ: Եվ մենք պետք է վերստուգենք այս բանաձևերը և համոզվենք դրանց կենսունակության մեջ: Եթե չհամոզվենք կենսունակության մեջ, ուրեմն պետք է այս բանաձևերում անել որոշ սրբագրումներ մեր երկրի կենսունակությունը, դիմադրողականությունը և հարատևությունն ապահովելու համար»,-եզրափակեց Փաշինյանը: