Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը Նենսի Փելոսիի հայաստանյան այցի վերաբերյալ Բելառուսի արտգործնախարարի հայտարարության կապակցությամբ հրավիրվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն: Այս մասին News.am-ի հարցին ի պատասխան հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարություն, որտեղ նրան է փոխանցվել հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները վերոնշյալ հայտարարության կապակցությամբ», — հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցի օրինակով այցելությունները նպաստում են հակամարտությունների սրմանը: