Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ,դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակել է Նորքի զինված խմբի քրեական գործով դատավճիռը: Դատարանը Արթուր Վարդանյանին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքներում և նրա նկատմամբ պատիժ նշանակեց ազատազրկում 13 տարի ժամկետով, Անտոն Թոթոնջյանին՝ 9 տարի ժամկետով, սակայն կիրառեց փորձաշրջան։
ՀՀ պաշտպանության նախկին նախարարի տեղակալ Վահան Շիրխանյանը արդարացվեց Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու և ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու հոդվածներով՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Շիրխանյանը մեղավոր ճանաչվեց իշխանությունը յուրացնելուն նախապատրաստությանն օժանդակելու համար։ Նրա նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 6 տարի ժամկետով, սակայն նա համաներման կիրառմամբ նշանակված պատժից ազատվեց։
Նորք-Մարաշի զինված խմբի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ավելի քան երեք տասնյակ մարդու: Ըստ մեղադրանքի` Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Օրինակ՝ թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա: