Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նամակ է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին` խնդրելով ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութի առնչությամբ մանրամասն և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել։
«Հաշվի առնելով վերջերս ստացված տագնապալի և սարսափելի հաղորդումները՝ Ձեր նախարարությունից ակնկալում եմ ստանալ մանրամասն և արժեքավոր տեղեկատվություն այն միջոցառումների մասին, որ ձեռնարկել են Ադրբեջանի իշխանությունները Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված մեղադրանքների հետ կապված։ Ես նկատի ունեմ վերջին տեսանյութերը, որտեղ պատկերված է հայ ռազմագերիների նկատմամբ ծայրահեղ բռնություն, այդ թվում, արտադատական սպանություններ»,- ասված է նամակում։
«Խնդրում եմ ի գիտություն ընդունել, որ Եվրոպայի խորհուրդը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մանդատի համաձայն հետևողական է լինելու այս հարցում, որպեսզի երաշխավորի կազմակերպության ստանդարտների նկատմամբ ամբողջական հարգանքը»,- հավելել է Բուրիչը։
Գլխավոր քարտուղարը հիշեցրել է իր նախորդ հայտարարություններն այն մասին, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միջև անհամաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով. «Ձեր երկրի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության մակարդակով ուղիղ շփումները խոստումնալից են և պետք է շարունակվեն»