«Հատիս» նախաձեռնության անդամները պատրաստվում են հայց ներկայացնել դատարան՝ պահանջելով անօրինական ճանաչել Ակունքի համայնքապետարանի կողմից Հատիս լեռան տարածքի օտարումը և քրեական վարույթ նախաձեռնել լեռանը վնաս պատճառողներին գտնելու համար։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Գարեգին Միսկարյանը։
«Հայաստանն իրավական պետություն է, իսկ օրենքն արգելում է բնության հուշարձանների օտարումը, և մենք համարում են, որ ապօրինի գործարք է տեղի ունեցել, ավագանին ապօրինի որոշում է կայացրել, կայացրել է որոշում, որի իրավունքը չուներ։ Ես իմ անունից հայտարարել եմ, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հայտարարի, որ հրաժարվում է արձանի կառուցման գաղափարից, դատական գործընթաց չի սկսվի, եթե ոչ՝ կդիմենք դատարան»,–ասաց նա։
Միսկարյանն ասաց,որ եթե Հատիսի վրա արձանը կառուցելու նախաձեռնությունից հրաժարվեն, դատարան չեն դիմի և կմնա լուծել վնասների փոխհատուցման և մեղավորների բացահայտման հարցը, որին, ընթացքում կհասկանան, թե ինչ լուծում է հնարավոր տալ։
Հիշեցնենք, որ Հատիս լեռան վրա կառուցապատում է իրականացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նա Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիր է կառուցում։