ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ հայտարարելով, որ սեպտեմբերի սկզբին Հայաստանը համաձայնել է աշխատել Ռուսաստանի կողմից առաջարկված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա:
«Հայաստանը համաձայնել է աշխատել Ռուսաստանի կողմից առաջարկված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա և պատրաստ է հաստատել դա Սոչիում: Հուսով ենք, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին»,-գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն, իհարկե, պետք է, և Ռուսաստանն աջակցում է խաղաղ կարգավորմանը։
Նա նշել է, որ հայ ժողովուրդն ու ղեկավարությունը պետք է ընտրեն, թե որ տարբերակն է իրենց պետք, սակայն ցանկացած տարբերակ, որը կհանգեցնի խաղաղության, ընդունելի կլինի իրենց համար։