Հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ արտահերթ նիստում Լուկաշենկոն հայտարարել էր, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ պետությունների համար թշնամի կամ հակառակորդ չէ, ճիշտ չի լինի ՀԱՊԿ-ը հակադրել Ադրբեջանին: Նա շեշտել է` Ադրբեջանն այժմ գլխավորում է բացարձակապես «մեր մարդը՝ Իլհամ Ալիեւը»։ Բելառուսի նախագահը հավելել էր, որ ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը Բելառուսի համար «հարազատ» երկրներ են, եւ հակամարտությունը երկու երկրների միջեւ պետք է կարգավորվի բացարձակապես խաղաղ ճանապարհով: Երեկ Մինսկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ էլ Լուկաշենկոն ասել է, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակներ վաղուց է առաջարկել, սակայն Հայաստանը չի համաձայնել, եւ Ադրբեջանի նախագահին այլ լուծում չի մնացել, քան ուժայինը:
Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը բանակցությունների տրամաբանությունից կտրված եւ ամենեւին ոչ դաշնակցային-գործընկերային։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման։
«Բելառուսի նախագահի հայտարարությունները հախուռն են, բանակցությունների տրամաբանությունից կտրված եւ ամենեւին ոչ դաշնակցային-գործընկերային։ Դրանք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրած անդամ-պետության պարտավորությունները»,-նշել է Հունանյանը։