ՀՀ կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի ութին արած հայտարարություններին։
Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի իննի եռակողմ հայտարությունը, միջազգային մի շարք հարթակներում ձեռք բերած պայմանավորվածությունները։
«Ադրբեջանը մինչ օրս քայլեր չի ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստանձնել մի շարք հարթակներում, զուգահեռաբար փորձում են կառուցողական երևալ և հայտարարվում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց քաղաքացիներն են և իրենց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված է։ Թե այս պնդումը որքանով է իրականությանը համապատախանում, կարելի է գործնականում ապացուցել ստուգելով, թե Ադրբեջանն ինչ պայմաններ է ստեղծել Հադրութի և Լեռնային Ղարաբաղի այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար, որոնք տեղահանվել են 44–օրյա պատերազմի հետևանքով։ Ադրբեջանի կողմից այս ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել, ինչը նոյեմբերի 9–ի հայտարարության 7-րդ կետի կոպիտ խախտում է։ Այս և նմանատիպ գործողություններն ու հայտարարություններն ակնհայտ են դարձնում, որ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլ նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն»,–ասաց Փաշինյանը։