ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Իրան-Ադրբեջան հարաբերություններին այն համատեքստում, որ վերջերս Թեհրանը հայտարարել էր, որ Իրանում ահաբեկչություն իրականացրած անձանցից մեկն Ադրբեջանի քաղաքացի է:
Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Միացյալ Նահանգները կկարողանա՞ կանգնել և պաշտպանել հարևան երկրներին, եթե Իրանը շարունակի իր հռետորաբանությունը նրանց դեմ։
«Աճող հռետորաբանություն կա նաև Իրանից դեպի հարևան երկրներ, ինչպիսին է Ադրբեջանը: Նրանք սպառնում են վերջերս: Նրանք նաև մի հայտարարություն են արել՝ մեղադրելով Ադրբեջանին Իրանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու համար։ Կկարողանա՞ Միացյալ Նահանգները կանգնել և պաշտպանել այդ հարևան երկրներին, եթե Իրանը շարունակի իր հռետորաբանությունը նրանց դեմ», — հետաքրքրվել է լրագրողը։
«Մենք շատ պարզ ասել ենք, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար: Մենք կշարունակենք կանգնել մեր գործընկերների կողքին, աջակցել նրանց և, ի վերջո, դիմակայել այն ապակայունացնող ազդեցությանը, որը ներկայացնում է Իրանը և իր տարածաշրջանում և գուցե դրանից դուրս», — ասել է Փրայսը: