Ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2023 թվականից սկսած, 3 հաջորդ տարիների ընթացքում, ներդնել Հայաստանի ռեզիդենտ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։
Ըստ նախագծի՝ հարկային մարմինները կնախալրացնեն հայտարարագրերը՝ եկամուտների և դրանից բյուջե վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը, և էլեկտրոնային եղանակով կպատրաստեն հայտարարատուի ծանոթացման համար։ Յուրաքանչյուր ֆիզիկական հայտարարատու նույնականացված տվյալներով մուտք կգործի հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ, կստուգի տվյալների ճշտությունը, անհրաժեշտության դեպքում փոփոխություններ և լրացումներ կկատարի և հայտարարագրի վերջնական տարբերակը կհաստատի մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող ապրիլի 20-ը։
Ծրագիրը կիրականացվի եռափուլ ժամանակահատվածով։
Կառավարությունը հավանություն տվեց նախագծին, քննարկումն Ազգային ժողովում համարեց անհետաձգելի։