Գերիների, անհետ կորած զինծառայողների և զոհվածների ծնողներն ու հարազատները այսօր՝ նոյեմբերի 21-ին հերթական բողոքի ակցիան են իրականացնում։ Նրանք պահանջում են վերադարձնել 44-օրյա պատերազմի հետևանքով գերության մեջ հայտնված զինվորներին։
Զոհվածներից մեկի ծնողը լրագրողների հետ զրույցում ասաց՝ եթե կառավարության անդամներից մեկի երեխան լիներ գերիների մեջ, հիմա այդ հարցը վաղուց լուծվել էր։
«Մենք ուզում ենք մեր գերիները վերադառնան իրենց ծնողներին։ Եթե Կառավարության երեխեքից մեկի որդին մեր երեխեքի հետ լիներ, հաստատ այդ հարցի լուծումը գտել էին հիմա։ Իրենց երեխեքից չկան, դրա համար էս հարցի լուծումը չեն կարողանում գտնել»,- ասաց զոհված զինծառայողի ծնողը։
Պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի տատիկը լրագրողների հետ զրույցում նշեց՝ իշխանություններից ոչ մի ակնկալիք չունեն, բազմիցս հանդիպել են, սակայն ապարդյուն։
Նա նշեց, որ իր որդին զոհվել է պատերազմի ժամանակ, թոռան ճակատագիրն էլ մինչ այժմ անհայտ է․ «Հարսս այնտեղ նստած է, կուչ եկած, ամուսինը զոհված, որդին կորած, ես էլ էս տարիքիս եկել խոսում եմ։ Ով էլ ինձ կմեղադրի, թող ինձանից բեթար օրի լինի, չնայած սրանից բեթար չի լինում։ Չգիտեմ ինչ ասեմ»։